Архив | 11 апреля, 2022

Վահան Տերյան ,,Ցնորքը,,

Ինձ չես սիրում, ուրիշին,
Ուրիշին ես սիրում դու —
Եվ անզոր է ու չնչին
Քո դեմ տանջանքն իմ հոգու։

Դու անցնում ես ամեն օր,
Անցնում՝ ինձ չես նկատում,—
Եվ դարձել եմ ես սովոր
Քամահրանքիդ անհատնում։

Քեզ խոնարհ՝ ամեն անգամ
Գլուխ եմ տալիս խոնարհ,
Բայց ես աղքատ եմ այնքան,
Այնքան թշվառ քեզ համար։

Ամենքինն ես, իմը չես,
Ամենքին ես սիրում դու.
Ա՛խ, ոսկով են գնում քեզ,
Անհաս ցնորք իմ հոգու…

Այս բանաստեղծության մեջ Տերյանը անթերի կերպով ներկայացնում է անպատասխան սիրո զգացմունքը։ Տերյանի սիրած էակը սիրում էր ուրիշին։ Դա կոտրում էր Տերյանի սիրտը։ Նա անկարող էր ինչ-որ բան փոխել։ Վահան Տերյանը կարող էր միայն համակերպվել և ապրել այդ էակին սիրելով, միևնույն ժամանակ գիտակցելով, որ այդ սերը երբեք փոխադարձ չի լինի։ Տերյանը սիրում էր, բայց սիրված չէր։

Անպատասխան սերը չափազանց դաժան և ցավոտ զգացմունք է, որը կատարելապես ներկայացված է Վահան Տերյանի այս բանաստեղծության մեջ։

Համո Սահյան

 Համո Սահյանը ծնվել է 1914 թվականի ապրիլի 14-ին Սիսիանի շրջանի Լոր գյուղում։ Սահյանը սկզբնական կրթությունը ստացել է տեղի դպրոցում։ 1927 թվականին Սահյանը տեղափոխվել է Բաքու, որտեղ ստացել է միջնակարգ կրթություն։ 1935 թվականին ընդունվել և 1939 թվականին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի հայկական բաժանմունքը։ 1939-1941 թվականներին աշխատել է Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում որպես գրական աշխատող։ Որպես Կասպիական նավատորմի նավաստի, մասնակցել է նաև Հայրենական մեծ պատերազմին։ Զորյանի օգնությամբ Սահյանը ստեղծել է իր առաջին գիրքը՝ «Որոտանի եզերքին» վերնագրով։

Պարույր Սևակ

Պարույր Սևակը կամ Պարույր Ռաֆայելի Ղազարյանը ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Արարատի մարզի Չանախչի (այժմ՝ Զանգակատուն) գյուղում։ Պարույրը իր ծնողների երկրորդ զավակն էր, սակայն առաջնեկի փոքր տարիքում մահի արդյունքում նա դառնում է ընտանիքի միակ երեխան։ Գրել ու կարդալ նա սկսել է հինգ տարեկանից։ Նույն տարիքից էլ Պարույրը սկսում է հաճախել դպրոց, սակայն սկզբում, քանի որ տարիքը թույլ չէր տալիս օրինական դպրոց գնալ, նրա հաճախումները ոչ օրինական բնույթ էին կրում։ Նրա գերազանց առաջադիմությունը տեսնելով` ուսուցիչը թույլատրում է օրինական կարգով գրանցվել դպրոցում և շարունակել ուսումը։ Պարույրը մանկական հասակից շատ էր կարդում, իսկ տասնմեկ տարեկանում առաջին անգամ իր գրիչն է փորձում պոեզիայում։ 1940 թվականին դպրոցը գերազանց առաջադիմությամբ ավարտելով՝ ընդունվում է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայերենի բաժինը։ Եղել է ամենալավ ուսանողներից մեկը։ «Սովետական գրականություն» ամսագրում տպագրվում են նրա երեք բանաստեղծությունները։ 1955 թվականին Սևակը ավարտում է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտը, որտեղ և դասախոսում է կյանքի հետագա չորս տարիների ընթացքում: 1970-ին Պարույրը ստանում է բանասիրական գիտությունների դոկտոր գիտական կոչումը։ 1963-ից մինչև 1971 թթ. աշխատում է որպես ավագ գիտաշխատող Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, 1966-ից հանդիսանում է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղարը։ Սևակը զոհվել է 1971 թվականի հունիսի 17-ին` ավտովթարից։ Թաղված է հայրենի գյուղում։

Հրանտ Մաթևոսյան ,,Աշնան արևը,,

 Ես մտածում էի, որ այս վիպակը գրված է անմեղ, բարի ձևով և պատմում է ինչ-որ ուրախ պատմության մասին։ Սակայն իմ սպասումները և վիպակը ամբողջությամբ հակապատկերներ էին։

Վիպակի գլխավոր հերոսուհին Աղունն է, ում տասնհինգ տարեկան հասակում ամուսնացնում են Սիմոնի հետ։ Աղունը իր կյանքում տեսնում է շատ դժբախտություններ և շատ է տառապում։ Նրան բոլորը՝ սկեսուրը, սկերայրը, տալերը, անընդհատ ծեծում էին, գոռում նրա վրա և անպատվում։ Նրան ծեծում էին քարով, ձեռքով, քաշում էին մազերից, իսկ իր ամուսինը ուղղակի կողքից հետևում էր այդ ամենին և ոչինչ չէր անում։ Հետո, երբ պարզվում է, որ Աղունը չբեր է նրան ուժեղ ծեծում են։ Իսկ երբ հղիանում է նրան դուրս են հանում տնից, և նա սկսում է ապրել իր Մանիշակ հորաքրոջ հետ։

Չնայած այս ամենին Աղունը միևնույն է միշտ սիրել է Սիմոնին և լավ վերաբերվել նրա հետ։

Երբ Աղունը մեծացավ, նա բոլորովին փոխվեց, դարձավ ինքնավստահ և անվախ։ Նա սկեսուրին տեղը դրեց և հիմա նա էր բոլորին, այսպես ասած, ղեկավարում։ Նա տան տղամարդն էր, իսկ Սիմոնը՝ փայտ կտրողը։

Այս վիպակը ցույց է տալիս, որ որքան էլ դժբախտ և տխուր լինի մեր կյանքը, ամեն բարդություն մեզ նոր բան է սովորեցնում և մեզ ավելի ուժեղ է դարձնում։ Նաև այստեղ շատ լավ ցուցադրված է կարման։ Սկզբում բոլորը հալածում էին Աղունին, բայց երբ նա մեծացավ, նա սկսեց բոլորին հալածել։

Դանթեական առասպել

 Եղիշե Չարենցը «Դանթեական առասպել» պեոմը գրել է 1916 թվականին։ Այն նվիրել է պատերազմի ժամանակ կորցրած իր ընկերներին։ Այստեղ ներկայացված են Եղեռնի տարբեր դրվագներ։

Չարենցը և իր ընկերները որոշում են գնալ և մասնակցել պատերազմի։ Սկզբում նրանք շատ ուրախ էին, քանի որ չգիտեին, թե ուր էին գնում և նրանց ինչ է սպասվում այնտեղ։ Բանաստեղծը շատ կոնկրետ է ներկայացրել կոտորածների տեսքը։ Կարդալիս սիրտդ ինքնըստինքյան սկսում է ցավել, դու հուզվում ես և չգիտես՝ ինչ անել։ Նրա նկարագրումները շատ ճշգրիտ են և լավ երևակայություն ունենալու դեպքում ինքդ կարող ես դրանք տեսնել։Չարենցը ինքն է նույնիսկ գրել, որ կոտորածները տեսնելուց հետո նրանք քիչ-քիչ սկսում են տխրել, կարծես գժվում են այդ տեսարաններից։

Պոեմը այդպես էլ շարադրել է։ Սկզբում ուրախ էին, անհոգ և անվախ, իսկ վերջում կարծես լրիվ կերպարանափոխվել էին, դարձել լուռ և վախեցած։

Չարենցը մեծ ցավով է գրել այս պոեմը, որովհետև նա կորցրել է իր ընկերներին, ականատես եղել այդ ամենին և հոգում կարծես մի քանի տարով մեծացել։

Թումանյանի հեքիաթներ

Բոլորս էլ փոքր տարիքում կարդացել ենք Թումանյանի տարբեր հեքիաթներ, բայց արդյո՞ք հասկացել ենք դրանց իմաստը։ Յուրաքանչյուր տարիքում մենք տարբեր կերպ ենք ընկալում մեր կարդացածի իմաստը, և նույնն էլ այս դեպքում է։

Վերհիշենք օրինակ` «Անբան Հուռին»։ Թվում է` դա մի սովորական հեքիաթ է, որը բոլորս շատ լավ գիտենք, բայց արդյո՞ք այդպես է։ Անկասկած յուրաքանչյուրը (ով կարդացել է այս հեքիաթը) կարող է պատմել բովանդակությունը, սակայն վստահ եմ, որ ոչ ոք չի կարող տալ հեքիաթի բացատրությունը։

Գրականության դասին մենք վերընթերցեցինք և քննարկեցինք Թումանյանի մի քանի հեքիաթները` «Անբան Հուռին», «Ծիտը», «Կիկոսի մահը» և այլն։ Եվ հասկացանք, որ այդ հեքիաթները լրիվ ուրիշ բան են ուսուցանում մեզ։ 

«Անբան Հուռի»-ից հասկանում ենք , որ մարդիկ, երբ տեսնում են փող կամ ոսկի, ամբողջովին մոռանում են իրականությունը և հավատում են ցանկացած ստի։ «Ծիտը» հեքիաթից, որ աշխարհը այնքան անհեթեթ է, որ մարդիկ մի չնչին բանից կարողանում են մեծ բան ստեղծել։ «Կիկոսի մահ»-ից, որ երբ մենք սկսում ենք մտածել գոյություն չունեցող բաների մասին, ապա ինքներս մեզ գցում ենք անվերջ մտածմունքների մեջ։

Եվ ահա այսքանը ուշադիր կարդալուց, ուսումնասիրելուց և քննարկելուց հետո հարց է առաջանում. արդյո՞ք Թումանյանի հեքիաթները փոքրերի համար են, թե՞ մեծերի